Անցակետը կապահովի ճանապարհով երթևեկության օրինականությունն ու թափանցիկությունը, պնդում է Բաքուն

0
Ադրբեջանի արտգործնախարարությունն անդրադարձել է իր կողմից անցակետի տեղադրմանն ու նման կերպ Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը փակելուն։ Տարածած հայտարարության մեջ պաշտոնական Բաքուն նշում է, որ դրանք արվել են «անվտանգության նկատառումներից ելնելով»։ ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին Լաչինի ճանապարհի անօրինական օգտագործման մեջ, նշելով, որ այն օգտագործվել է «զենքի և զինամթերքի տեղափոխումը,  բնական ռեսուրսների և մշակութային պաշարների ապօրինի արտահանումը, ականների տեղադրումը» կազմակերպելու համար։ «Նշված սպառնալիքների և սադրանքների լույսի ներքո Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային հսկողության մեխանիզմի ստեղծումը, հետևաբար՝ տեղաշարժի անվտանգությունը», - պնդում է ադրբեջանական կողմը, հավելելով, որ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ Ղարաբաղի հայ բնակիչների՝ այս կետից Հայաստան և Ադրբեջան երկու ուղղություններով թափանցիկ և կանոնավոր անցման համար։ «Վերահսկողության այս մեխանիզմը կիրականացվի ռուսական խաղաղապահ առաքելության հետ համագործակցությամբ», - հայտարարել է Բաքուն։ Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի փոխանցմամբ՝ շրջափակման պայմաններում այդ ճանապարհն էր ապահովում ՀՀ-ից Արցախ հումանիտար բեռի տեղափոխումը, որն իրականացվում էր Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ուժերով: Սա 2020թ. եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպտագույն խախտումն է, հավելել են Արցախից, նաև նշել, որ Ադրբեջանը սա անում է՝ զուգահեռաբար շարունակելով ապատեղեկատվություն տալ Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ։  
0