Մահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն

Ազատության Azatutyun

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն մահացել է։ NHK-ն հայտնել է, որ նախկին վարչապետը մահացել է ստացած վնասվածքներից։ Շինզո Աբեի մահվան լուրը հայտնելուց մոտ մեկուկես ժամ առաջ Աբեի կրտսեր եղբայրն ասել էր, որ Ճապոնիայի նախկին վարչապետին արյան փոխներարկում են արել և պայքարում են նրա կյանքի համար։ Շինզո Աբեն վիրավորվել էր Նարա քաղաքում՝ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս։ Կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն լրագրողներին ասել էր, որ 67-ամյա Աբեի վրա կրակել են տեղական ժամանակով ժամը 11:30-ի սահմաններում: Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ նրան ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխվել՝ «կենդանության նշաններ չունենալով»։ Ճապոնիայի գործող վարչապետ Ֆումիո Կիշիդային ասել էր, որ Աբեն ծայրահեղ ծանր վիճակում է, և բժիշկները «անում են ամեն հնարավորը»։ Իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են մի տղամարդու, ով կարծես կրակել է Աբեի վրա որսորդական հրացանով: Աբեն քարոզարշավ էր իրականացնում խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրությունների շրջանակներում, որոնք նախատեսված են հուլիսի 10-ին: Կանխատեսվում է, որ նրա կուսակցությունը վստահորեն հաղթանակ կտանի: Աբեն զբաղեցրել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնը 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի սեպտեմբերը: Նա այդ պաշտոնում ամենաերկար մնացած վարչապետն է: Տե՛ս նաև այստեղ   https://www.azatutyun.am/a/31934572.html

Source: azatutyun.am