Ալեքսեյ Նավալնիին Մոսկվա ժամանելուն պես ձերբակալել են

Ազատության Azatutyun

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան ժամանելուն պես: Նավալնին ամիսներ շարունակ բուժվում էր Գերմանիայում թունավորման փորձից հետո, որում նա մեղադրում է Ռուսաստանի իշխանություններին: Նրա ժամանումը հեռարձակվում էր ուղիղ եթերով, և նկատվում է, որ ոստիկանությունն անձնագրային հսկողության տաղավարից տանում է Կրեմլի 44-ամյա քննադատին: Նավալնիի փաստաբանին, որը ճանապարհորդում էր նրա հետ, թույլ չեն տվել ուղեկցել նրան: Ռուսաստանի քրեակատարողական դաշնային ծառայությունը հաստատել է նրա ձերբակալությունը: Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է Շերեմետևո օդանավակայան տանող հիմնական մուտքի ճանապարհը՝ ակնհայտորեն փորձելով կանխել Նավալնիի կողմնակիցների մուտքն այնտեղ: Հիշեցնենք, որ Նավալնին որոշեց վերադառնալ Ռուսաստան, չնայած նրան, որ իշխանությունները հայտարարել էին նրան ձերբակալելու մասին: Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ մարդկանց, ովքեր սպասում էին Նավալնիի Վնուկովո օդակայան ժամանելուն, սակայն վերջին պահին «Պոբեդա» ավիաընկերության թռիչքը վերաուղևորվեց դեպի Շերեմետևո: Ընդդիմադիր գործիչն անցած տարվա օգոստոսից էր գտնվում Բեռլինում: Ըստ գերմանացի բժիշկների` Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։ Նավալնիի՝ Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի Քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։ Շաբաթասկզբին էլ հայտնի է դարձել, որ դեկտեմբերի 29-ից նա գտնվում է դաշնային հետախուզման մեջ: Այդուհանդերձ, ընդդիմադիր գործիչը օրեր առաջ հայտարարել էր վերադառնալու մտադրության մասին։         https://www.azatutyun.am/a/31049981.html #Լուրեր