Նավալնին դուրս գրվեց Բեռլինի հիվանդանոցից

Ազատության Azatutyun

Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցից, որտեղ բուժում է ստացել թունավորվելուց հետո: Նավալնիի առողջական վիճակն օգոստոսի 20-ին  կտրուկ վատթարացել է Տոմսկ-Մոսկվա չվերթն իրականացնող օդանավում, որը ստիպված վայրէջք է կատարել Օմսկում: Այդ քաղաքի հիվանդանոցում Նավալնին հայտնվել է կոմայի վիճակում և ազգականների ու աջակիցների պահանջով՝ Գերմանիայի կառավարության հովանավորությամբ, հատուկ օդանավով փոխադրվել է Բերլին: Գերմանացի փորձագետները ստուգումներից հետո հայտարարել են, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Եվրոպական երկրները Նավալնիի թունավորումն անվանել են ընդդիմադիր լիդերին սպանելու փորձ և պարզաբանումներ են պահանջել Մոկսվայից: Ռուսաստանը կտրականապես հերքում է Նավալնիին թունավորելու վարկածը և եվրոպացի փորձագետների եզրակացությունն արժանահավատ չի համարում: «Շարիտե» հիվանդանոցը հայտարարել է, որ Նավալնիի առողջական վիճակն էապես բարելավվել է, հետևաբար, նրան կարելի է դուրս գրել վերակենդանացման բաժանմունքից: «Այդուհանդերձ,  դժվար է ասել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ թունավորումը երկարատև կտրվածքով»,- ընդգծել են գերմանացի բժիշկները: Ալեքսեյ Նավալնին հայտնել է, որ ապաքինվելուց հետո անպայման պետք է վերադառնա Ռուսաստան:   https://www.azatutyun.am/a/30853705.html #Լուրեր