Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին

Ազատության Azatutyun

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ յոթանասունից ավելի մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու հարազատներին և Լիբանանի բարեկամ ողջ ժողովրդին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով պայթյունից տուժածներին։ «Մեր մաղթանքն է, որ Լիբանանի աստվածասեր ժողովուրդը հաղթահարի առկա դժվարությունները և շարունակի իր խաղաղ ու ստեղծագործ կյանքի ընթացքը», - նշել է Վեհափառ Հայրապետը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ դժվարին այս պահին բերելով իր զորակցությունը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանությանը և Լիբանանի հայ համայնքին։ Հայոց Հովվապետն իր ցավակցություններն է ուղղել Արամ Ա Կաթողիկոսին երեք հայորդիների մահվան առիթով, հետաքրքրվել պայթյունի հետևանքով Բեյրութի բնակչությանը, հայ համայնքին և կաթողիկոսարանին պատճառված վնասներով։ Օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով զոհվել է ավելի քան 70 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, քաղաքի մի մասը փլատակների է վերածվել: Երկրում երեք օր սուգ է հայտարարվել: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ այս պահի տվյալներով զոհվածների թվում կան վեց հայեր: https://www.azatutyun.am/a/30767432.html #Լուրեր