Անտոնիո Գուտերեշին խիստ մտահոգում է Զապորոժիեի ատոմակայանի ճակատագիրը

Ազատության Azatutyun

Լվով այցելած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Ուկրաինայից հացահատիկն ապահով փոխադրելու կարևորությունը և խիստ մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Այդ մասին նա երեկ ասել է Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում: Գուտերեշը չորեքշաբթի օրն է ժամանել Լվով: Նա ասել է, թե չափազանց ուրախ է, որ ՄԱԿ-ի կողմից վարձակալված բեռնատար առաջին նավն արդեն ուղևորվում է դեպի Սոմալի և ցորեն է հասցնելու անցած տասնամյակներում ամենածանր երաշտից տուժած այդ տարածաշրջան: Նրա խոսքով, հենց այս օրերիին էլ բարձվում է ավելի քան կես միլիոն տոննա պարեն, որը կփոխադրվի համաշխարհային շուկաներ: Ապա Գուտերեշն անդրադարձել է ԱԷԿ-ի խնդրին: «Ինձ չափազանց մտահոգում է Զապորոժիեում գտնվող Եվրոպայում ամենամեծ ատոմակայանի ճակատագիրը: Բանականությունը պետք է գերակայի՝ խուսափելու համար այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել կառույցի ֆիզիկական վիճակին, խախտել ԱԷԿ-ի անվտանգությունը: Մարտական գործողությունները որևէ պարագայում չպետք է տարածվեն այս կառույցի վրա: Անհրաժեշտ է երաշխավորել այդ ամբողջ տարածքի անվտանգությունը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց են մեղադրում գործող ատոմակայանին հարվածներ հասցնելու համար: Մասնագետներն ահազանգում են, որ միտումնավոր կամ պատահական հուժկու հարվածը վեց ռեակտորներից մեկին կամ միջուկային թափոնների պահեստին կարող է աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ Եվրոպայի համար: https://www.azatutyun.am/a/31995664.html

Source: azatutyun.am