«Մոսկվա» հածանավում զոհվել է նաև Սևծովյան նավատորմի դիվիզիայի հրամանատարի որդին
Ազատության Azatutyun
Ապրիլի կեսին Սև ծովում ուկրաինացիների կողմից հրթիռակոծվելու հետևանքով խորտակված «Մոսկվա» հածանավում զոհվել է Ռուսաստանի Սևծովյան ռազմական նավատորմի դիվիզիայի հրամանատար, ծովակալ Օլեգ Կրիվորոգի որդին՝ Վալերին:
Ըստ «Ազատության» ռուսական ծառայության, այդ մասին հայտնել է «Ագենտստվո» կայքը, որը հղում է անում իր անանուն աղբյուրի վրա:
Պաշտոնապես 37-ամյա կապիտան-լեյտենանտ Վալերի Կրիվորոգը համարվում է անհետ կորած: Հայտնի է, որ նա «Մոսկվա» հածանավի զինծառայող էր 2019 թվականից:
Նրա ծովակալ հայրը Սևծովյան ռազմական նավատորմի 30-րդ դիվիզիայի հրամանատարն է: «Մոսկվա» հածանավն այդ դիվիզիայի կազմում էր:
Սևծովյան նավատորմի մամլո ծառայությունը չի մեկնաբանել «Ագենտստվո» կայքի հրապարակած լուրը Վալերի Կրիվորոգի զոհվելու մասին:
Ուկրաինացիները հայտնել են, որ ապրիլի 13-ին «Նեպտուն» տեսակի երկու հրթիռներով հարված են հասցրել հածանավին, որը հրդեհվել և հաջորդ օրը խորտակվել է:
Մոսկվան երկար ժամանակ չի խոստովանել հածանավի կործանման և նավաստիների զոհվելու փաստը:
Reuters գործակալության փոխանցմամբ, հածանավի կործանման հետևանքով կարող էր զոհվել մոտ հարյուր զինծառայող:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավի խորտակման հետևանքով զոհվել է 1, անհետ կորել է 27 և փրկվել է 396 զինծառայող:
«Մոսկվայի» կործանումը համարվում է Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի կրած ամենացավոտ կորուստներից մեկը:
https://www.azatutyun.am/a/31962685.html
Source: azatutyun.am