Ադրբեջանում այսօր «հիշատակի օր է»

Ազատության Azatutyun

Այսօր Ադրբեջանում՝ Բաքվի ժամանակով ժամը 12:00-ին, լռության րոպե են հայտարարել ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների: Ադրբեջանում, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մեկնարկած և նույն տարվա նոյեմբերի 9-ի ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հայտարարությամբ ավարտված պատերազմի ընթացում զոհվել է մոտ երեք հազար զինծառայող: Մի շարք ադրբեջանցի ընդդիմադիր մեկնաբանների համոզմամբ, իշխանության հայտնած այդ տվյալներն արժանահավատ չեն: Ադրբեջանի պաշտոնական քարոզչության համաձայն, պատերազմը սկսվել է «ի պատասխան հայկական կողմի կատարած լայնածավալ սադրանքի»: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը «հայկական օկուպացիայից ազատագրել է շուրջ 300 քաղաքներ և գյուղեր, ընդհանուր հաշվով՝ 5 հազար քառակուսի կիլոմետր»: Եռակողմ համաձայնագրով Հայաստանն Ադրբեջանին է վերադարձրել Աղդամի, Քելբաջարի և Լաչինի շրջանները, որոնք հայկական կողմի հսկողության տակ են անցել 1992-93 թվականների ղարաբաղյան առաջին պատերազմից հետո: https://www.azatutyun.am/a/32054464.html

Source: azatutyun.am