Իսրայելում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է բնակիչների կեսից ավելին

Ազատության Azatutyun

Իսրայելի բնակչության կեսից ավելի արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, այդ մասին հայտարարել է Իսրայելի առողջապահության նախարար Յուլի Էդելշտեյնը: Բնակչության պատվաստման հարցում Իսրայելն աշխարհում առաջատարն է: Իսրայելում ներարկում են Pfizer/BioNTech գերմանա-ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ, վակցինայի երկրորդ դեղաչափն արդեն ստացել է բնակչության 50 տոկոսից ավելին, իսկ մոտ 56 տոկոսն առաջին դեղաչափն է ստացել: Իսրայելում բնակվում է 9 միլիոն 300 հազար մարդ, վակցինան տրամադրվում է բոլոր չափահաս քաղաքացիներին և մշտական բնակության  իրավունք ունեցողներին: Ենթադրվում է, որ պատվաստվածը կորոնավիրուսի դեմ ամբողջական պաշտպանություն է ստանում երկրորդ ղեղաչափի ներարկումից մեկ շաբաթ անց: Կորոնավիրուսով վարակված և կազդուրված, ինչպես նաև երկրորդ դեղաչափը ստացած բնակիչներին տրվում են «կանաչ անձնագրեր», որոնք ընձեռում են անարգել երթևեկելու և հանրային վայրեր այցելելու իրավունք: https://www.azatutyun.am/a/31169019.html #Լուրեր #Կորոնավիրուս