ՀՀ ԱԳՆ դատապարտում է կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը

Ազատության Azatutyun

Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ «ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը»: ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հրադադարի վերաբերյալ համաձայնությունից հետո, Ադրբեջանը, դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը, շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Սյունիքի մարզի բնակավայրերին: «Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը: Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը», - ասված է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:   https://www.azatutyun.am/a/30886370.html #Լուրեր