Նախագահն անդրադարձել է Բեյրութում ստեղծված իրավիճակին և լիբանանահայության խնդիրներին

Ազատության Azatutyun

Նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:  «Ցնցված եմ ու խոր ցավ եմ ապրում բարեկամ Լիբանանին, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու լիբանանահայ մեր հայրենակիցներին պատուհասած այս մեծագույն դժբախտության լուրից»,- մասնավորապես նշված է նախագահի նամակում, - «Բեյրութն առաջին անգամը չէ, որ առնչվում է արտակարգ իրավիճակի, կհաղթահարվի նաև այս մեկ փորձությունը: Հայ ազգային կառույցների համախմբումն ու միակամ գործողությունները նույնպես զորեղ աջակցություն կլինեն մարդկային ու պետական այս ճգնաժամը հաղթահարելու համար»: Նախագահ Սարգսյանն իր զորակցությունն է հայտնել Վեհափառին, Մայրավանքի հոգևոր դասի բոլոր ներկայացուցիչներին, ազգային ու եկեղեցական գործիչներին, բոլոր լիբանանահայերին: Նախագահ Արմեն Սարգսյանը Բեյրութում ստեղծված իրավիճակը և լիբանանահայության հետ կապված խնդիրներն այսօր քննարկել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի հետ հեռախոսազրույցների ընթացքում:  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը աճել է` հասնելով 135-ի, մոտ հինգ հազար մարդ վիրավորվել է, 300 հազարը մնացել են անօթևան: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ մարդիկ են մնում: Փրկարարները շարունակում են փնտրել ավելի քան 100 մարդու, որոնց ճակատագիրն անհայտ է: https://www.azatutyun.am/a/30769771.html #Լուրեր