Լուկաշենկոն հանդիպել է ռուս-բելառուսական միացյալ զորամիավորման զինծառայողներին
Ազատության Azatutyun
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր այցելել է Բրեստի շրջանում՝ Ուկրաինայի և Լեհաստանի սահմանին գտնվող «Օբուզ-Լեսնովսկի» հրաձգարան, որտեղ վարժանքներ է անցկացնում ռուս-բելառուսական միացյալ զորամիավորումը:
«Ընդհանուր գործ ենք անում»,- դրվատանքով ասել է Լուկաշենկոն՝ ռուսաստանցի սպայի զեկույցը լսելուց հետո:
Ռուս-բելաուսական համատեղ զորավարժություններին մասնակցում է միացյալ զորամիավորումը, որի կազմում են մոտոհրաձգային, հրասայլային, հատուկ նշանակության և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներ:
Վերլուծաբանները չեն բացառում, որ Բելառուսը՝ Կրեմլի ճնշման տակ, կարող է Ուկրաինայի դեմ պատերազմի ինչ-որ փուլում միանալ Ռուսաստանին: Ինքը Լուկաշենկոն մի քանի առիթներով հավաստիացրել է, որ Մինսկը նման մտադրություններ չունի:
Այսօր Բելառուսի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ համատեղ զորավարժությունների համար Ռուսաստանից Բելառուս է բերվել ռազմամթերքի և զինտեխնիկայի հերթական խմբաքանակը:
Բելառուսը 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված այդ պատերազմում առնվազն անուղղակի սատարում է Ռուսաստանին: Այդ կապակցությամբ արևմտյան երկրները մի շարք խիստ պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի նկատմամբ:
https://www.azatutyun.am/a/32212396.html
Source: azatutyun.am