Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահենին

Ազատության Azatutyun

Սան Ֆրանցիսկոյում Կալիֆորնիայի նահանգի Հյուսիսային շրջանային  դատարանը կիբերհանցագործությունների համար մեղավոր է ճանաչել ռուսաստանցի ցանցահեն Եվգենի Նիկուլինին: Ամբաստանյալը մեղադրվում է 8 տարի առաջ հաքերային գրոհների եղանակով LinkedIn, Dropbox և տեղեկատվական ոլորտում աշխատող այլ ընկերությունների կայքերը կոտրելու և կարևոր տվյալներ գողանալու մեջ: Սան Ֆրանցիսկոյի դատարանը պետք է սեպտեմբերի 29-ին հրապարակի վճիռը: 32-ամյա Նիկուլինը հերքում մեղադրանքը, որով կարող է դատապարտվել մինչև 30-ը տարվա ազատազրկման: Դատարանը Նիկուլինին պարտադրել է ենթարկվել բժշկական ստուգման, այդ թվում՝ հոգեբանի կողմից: Նիկուլինի փաստաբան Արկադի Բուխը «մեծ անարդարություն» է անվանել դատարանի որոշումը և հայտարարել է, որ 60 օրում այն անպայման կբողոքարկի: Ըստ մեղադրող կողմի, Նիկուլինը փորձել է վաճառել գողացած օգտահաշիվները և գաղտնաբառերը: Նա սոցցանցերի տասնյակ միլիոնավոր օգտատերերի անուններ և գաղտնաբառեր է գողացել և դրանց մի մասը վաճառքի է հանել ռուս հաքերների առցանց հարթակում: Նիկուլինին ձերբակալել են 2016 թվականի հոկտեմբերին Չեխիայում և 17 ամիս անց արտահանձնել են ԱՄՆ: Մոսկվային զայրացրել է Պրահայի որոշումը: Ռուսաստանը Չեխիային առաջարկել է Նիկուլինին արտահանձնել, որտեղ նա կասկածվում է 2009 թվականին համացանցի միջոցով 2 հազար դոլար գողանալու համար: Նիկուլինի դատը Կալիֆորնիայում պետք է մեկնարկեր մարտ ամսին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նիկուլինը Միացյալ Նահանգների իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել ռուս հաքերներին և կիբերհանցագործներին բացահայտելու երկարատև հատուկ գործողության ընթացքում: Այդ գործողության շնորհիվ ամերիկացիները կարողացել են տարբեր երկրներում կալանավորել ռուսաստանցի մի քանի տասնյակ առցանց հանցագործների:  Մոսկվան դրա համար քննադատել է Վաշինգթոնին և գործողությունն անվանել է «ռուսաստանցիների որս»: https://www.azatutyun.am/a/30720816.html #Լուրեր