ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ սպային

Ազատության Azatutyun

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող սպա Գուրգեն Ալավերդյանին, «Ազատության» հարցին ի պատասխան տեղեկացրեց կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Վերջինս հայտնեց նաև, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները ստուգել են Գուրգեն Ալավերդյանի պահման պայմաններն ու առողջական վիճակը։ Ըստ Ամատունու՝ Գուրգեն Ալավերդյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Օգոստոսի 23-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե Ալավերդյանը հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի ղեկավար է, որը գերեվարվել է մարտի ընթացքում, հայկական կողմն ապատեղեկատվություն է որակում: Օգոստոսի 22-ին ադրբեջանական կողմում հայտնվելուց հետո ադրբեջանական կայքերում հայ սպայի մասնակցությամբ երկու տեսանյութ հրապարակվեց։ Պաշտոնական Երևանը խստորեն դատապարտում է հայ ռազմագերու հանդեպ կիրառվող նվաստացնող վերաբերմունքը։   https://www.azatutyun.am/a/30852216.html #Լուրեր