Նախագահը միասնության կոչ է արել

Ազատության Azatutyun

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը միասնության կոչ է արել՝ հորդորելով քաղաքական ուժերին, քաղաքական և հասարակական գործիչներին «լինել ժողովրդի պես միասնական ու համախմբված»: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այս պատերազմում հաղթանակը նշանակում է «պաշտպանել մեր տունը, մեր մշակույթը, մեր արժեքները, մեր հավատքը, նշանակում է նաև ամեն ինչ անել, որ չլինի երկրորդ ցեղասպանություն, նշանակում է նաև պատերազմ հանուն մեր հերոսների, մեր նահատակված քաջերի հիշատակի»: «Այսօր էլ ոմանք ինձ հարցնում են, թե ո՞րն է մեր այսօրվա հաղթանակի երաշխիքը: Իմ պատասխանը չի փոխվել՝ մեր միասնությունը: Ուզում եմ հորդորել մեր քաղաքական ուժերին, քաղաքական և հասարակական գործիչներին՝ եղե՛ք ժողովրդի պես միասնական ու համախմբված, հետևե՛ք ժողովրդի օրինակին...», - իր ուղերձում նշել է Սարգսյանը Նախագահն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ Արցախի վրա հարձակված թշնամուց բացի  ունենք ևս մեկ թշնամի` կորոնավիրուսի համավարակը, որն ամեն օր կյանքեր է խլում: Ցավակցելով համավարակին զոհ գնացածների ընտանիքներին ու հարազատներին՝ նա նշել է, որ  Կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես, «հաղթանակը կախված է մեզնից՝ թե որքան միասնական և համախմբված, կազմակերպված և կարգապահ կլինենք»: «Ցանկանում եմ իմ առանձնահատուկ շնորհակալությունը հայտնել այդ պայքարի առաջամարտիկներին՝ առողջապահության համակարգի բոլոր, բոլոր աշխատակիցներին՝ բժշկից մինչև բուժքույր ու բուժեղբայր, մայրապետ ու սանիտար, շտապօգնության վարորդ և տեխնիկական աշխատակիցներ, որոնք օր ու գիշեր անձնվիրաբար պայքարում են կորոնավիրուսի դեմ», - ասել է նախագահը: «Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը և հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից և Հայաստանից։ Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը», - նաև հայտարարել է նախագահը:     https://www.azatutyun.am/a/30934101.html #Լուրեր