Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում հակամարտության խաղաղ կարգավորմամբ

Ազատության Azatutyun

«Վրաստանն ուղղակիորեն շահագրգռված է մեր տարածաշրջանում ցանկացած հակամարտության կարգավորմամբ՝ խաղաղ ճանապարհով», - հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան: Նրա խոսքով՝ Վրաստանի համար ամենամեծ վտանգը տարածաշրջանում պատերազմն է:  «Երբ մեր հարևանությամբ իսկական պատերազմ է ընթանում, շատ մեծ վտանգ է Վրաստանի համար։ Իհարկե, մենք կանենք մեր ուժերից կախված ամեն ինչ, որպեսզի նպաստենք խաղաղության հաստատմանը։ Մենք հայրենակիցներ ունենք թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի», - վրացական կառավարության ղեկավարի խոսքերն են մեջբերել տեղական լրատվամիջոցները։  Անցած շաբաթ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան կտրականապես հերքել էր լրատվամիջոցներում համառորեն շրջանառվող լուրերը, թե  Վրաստանի տարածքով զենք և զինամթերք է փոխադրվում Ադրբեջան:  Նույն օրը երկրի կառավարությունը ժամանակավորապես արգելել էր Հայաստանին և Ադրբեջանին իր երկրի օդային ու ցամաքային տարածքով ռազմական նշանակության բեռների փոխադրումը։ Պաշտոնական Թբիլիսին շեշտել էր, որ քաղաքացիական բեռնատար ավիափոխադրումների հարցում որևէ սահմանափակում չի լինի:     https://www.azatutyun.am/a/30880537.html #Լուրեր