Հայաստանն ու Իրանը քննարկել են ահաբեկիչների խնդիրը
Yerevan Daily
Հոկտեմբերի 29-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչիին:
«Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար», - ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ եւ կարեւորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության եւ խաղաղության պահպանման գործում:
Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման եւ կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Նա զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու եւ այդ ձեւաչափով աշխատանքները շարունակելու մասին:
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
#yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh