Իրանի արտգործնախարարը հետաձգել է իր այցերը Բաքու և Մոսկվա

Ազատության Azatutyun

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հետաձգել է նոյեմբերի 23-ին և 24-ին նախատեսված աշխատանքային այցերը Ադրբեջան և Ռուսաստան։ TACC գործակալության փոխանցմամբ, այս մասին այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթեբզադեն։ «Նախարար Զարիֆի՝ Մոսկվա և Բաքու կատարելիք այցերի հետաձգումը կապված է Իրանի կառավարության՝ արտահերթ բյուջետային քննարկումներ անցկացնելու մտադրության հետ։ Այդ քննարկումներին բոլոր նախարարների մասնակցությունը պարտադիր է», - հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Աշխատանքային այցերի ընթացքում, ըստ իրանական աղբյուրների, Զարիֆը Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հետ պատրաստվում էր քննարկել Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ https://www.azatutyun.am/a/30962090.html #Լուրեր