ԱՄՆ դաշնակիցներին կոչ է անում ավելացնել ռազմական ոլորտի ծախսերը

Ազատության Azatutyun

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Մարք Էսպերը Բրյւսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել կատարել խոստումը և պաշտպանության բնագավառին հատկացվող գումարը հասցնել ներքին համախառն արդյունքի երկու տոկոսին: Էսպերը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման ընթացքում ասել է, թե անդամ երկրները լավ են աշխատում, բայց պետք է ավելին անել ֆինանավորման համար, քանի որ դա է Հյուսիսատլանտյան դաշինքի հավաքական անվտանգության երաշխիքը: «Մենք քննարկելու ենք կարևոր հարցեր՝ Աֆղանստանից մինչև կորոնավիրուս, ես նորից կոչ եմ անում դաշնակիցներին ֆինանսավորումը հասցնել խոստացված երկու տոկոսին: Միացյալ Նահանգները հավատարիմ մնում է ՆԱՏՕ-ին և դաշնակիցներին, այսօր ակնկալում եմ բովանդակալից քննարկում»,- ասել է Պենտագոնի ղեկավարը: «Մեր վերջին հանդիպմանը քննարկել ենք նաև Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայությունը, մասնավորապես, Գերմանիայում այն կրճատելու որոշման ենթատեքստում: Ես ողջունում եմ Եվրոպայի անվտանգությանը հավատարիմ մնալու Միացյալ Նահանգների վճռկանությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմից է քննադատել ՆԱՏՕ-ի անդամներին դաշինքի ֆինանսավորումը չապահովելու համար, ասելով, որ դրա արդյունքում հիմնական բեռն Ամերիկան է կրում: Թրամփը հայտարարել է, որ առաջիկայում դուրս կբերի Գերմանիայում տեղակայված ամերիկացի զինծառայողների զգալի մասը: Չնայած քննադատությանը՝ Թրամփն ավելացրել է Եվրոպայում ամերիկյան ուժերի ֆինանսավորումը: Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո Միացյալ Նահանգները լրացուցիչ ուժեր է ուղարկել Բալթյան երկրներ, Լեհաստան և Սև ծովի շրջան: https://www.azatutyun.am/a/30692543.html #Լուրեր