Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ

Ազատության Azatutyun

Հայաստանի արտաքին գործորի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն։ Մնացականյանը ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկեց Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունն է հայտնել արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծել են հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: https://www.azatutyun.am/a/30870126.html #Լուրեր