Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է․ Փաշինյան
Ազատության Azatutyun
Լաչինի միջանցքի շուրջ 18 օր փակ լինելու հետևանքով Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օր-օրի սրվում է, այսօր կառավարությաա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լեռնային Ղարաբաղի հարյուրավոր ընտանիքներ շարունակում են մնալ կիսված՝ հայտնված լինելով բլոկադայի տարբեր կողմերում, նշեց վարչապետը՝ շարունակելով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասը դառնում է ավելի ու ավելի զգալի, խանութների ցուցափեղկերը դատարկվել են, հանրային օբյեկտներում սննդի մատակարարման սահմանափակումներ են մտցվում, հանրությունը գտվում է սոցիալ-հոգեբանական լարված վիճակում։
Արցախին աջակցելու նպատալով աշխատանքային խումբ է ստեղծվում
Գործադիրի ղեկավարը տեղեկացրեց, որ հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատալով աշխատանքային խումբ կձևավորվի՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, որի խնդիրն, ըստ Փաշինյանի, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելն ու անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ։
Աշխատանքային խմբում կընդգրկվեն առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ինչպես նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն Արցախին
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ կառավարության այսօրվա որոշմամբ, Լեռնային Ղարաբաղին 4 մլրդ դրամի լրացուցիչ աջակցություն կցուցաբերվի։
«ԼՂ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է։ Հումանիտար ճգնաժամի միջազգային հանրահռչակումը նույնպես մեր ամենօրյա աշխատանքի մասը պիտի դառնա», - ասաց վարչապետը։
Կրկին ընդգծելով, որ Լաչինի միջանցքի փակումը 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպիտ խախտում է՝ Փաշինյանն այդ կետը խախտելու մեջ մեղադրեց Ադրբեջանին ու Ռուսաստանին՝ նկատելով՝ Ադրբեջանն այդ կետով երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկություն անվտանգությունը, իսկ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը վերահսկողության տակ է պահում Լաչինի միջանցքը։
https://www.azatutyun.am/a/32198323.html
Source: azatutyun.am