ԱՄՆ նախագահ՝ «Ասիական ծագումով ամերիկացիները հաճախ են դառնում քավության նոխազ»

Ազատության Azatutyun

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը խստորեն դատապարտել են հարձակումներն ասիական ծագումով ամերիկացիների վրա: Նախագահը և փոխնախագահն այցելել են Ջորջիայի նահանգ՝ զորակցելու հարձակման զոհ դարձած մարդկանց ազգականներին և բարեկամներին: Ատլանտա քաղաքի թաղամասում, որտեղ գործում են մերսման սրահներ, 21-ամյա Ռոբերտ Աարոն Լոնգը հրազենով հարձակում է գործել և 8 մարդ է սպանել: Զոհերից 6-ն ասիական ծագում կանայք էին, երկուսը՝ սպիտակամորթ: Հարձակման ռասայական դրդապատճառը չի բացառվում, սակայն, ըստ քննիչների, «հարձակվողը, հավանաբար, ուներ նաև սեռական բնույթի ինչ-որ խնդիրներ»: Նախագահն ասել է, թե անկախ բուն դրդապատճառից՝ ակնհայտ է, որ «ասիական ծագումով ամերիկացիները շատ հաճախ են հարձակման ենթարկվում և քավության նոխազ դառնում , չունեն հանգիստ և ապահով եղանակով աշխատանքի գնալու, դրսում քայլելու և տուն վերադառնալու հնարավորություն»: Քամալա Հարիսը նաև խոսել է պիտակավորումների մասին, հիշեցնելով, թե ինչպես է անցյալ տարի նախագահ Դոնալդ Թրամփը «չինական վիրուս» անվանել կորոնավիրուսը: Նախքան Ատլանտա մեկնելը՝ Ջո Բայդենն ասել է, որ «երկրում շարունակվում են բռնությունները, որոնց դրդապատճառներն են գենդերային անհավասարությունը և ասիական ծագումը»: https://www.azatutyun.am/a/31160990.html #Լուրեր