Սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է 282 զինծառայող. Ադրբեջանի ՊՆ
Ազատության Azatutyun
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 12-14-ը վիրավորվել է 282 զինծառայող, որոնցից 43-ը վերադարձել են ծառայության, 115-ի վիճակը բավարար, 103-ը միջին ծանրության, 21-ը՝ ծանր:
Ավելի վաղ էլ ադրբեջանական կողմը հաղորդել է 79 զոհի մասին:
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135 զոհվածների մասին:
Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ուժի է դիմել «սադրանքների» պատճառով, որոնցով Երևանն իբր փորձում է տապալել երկու երկրների միջև խաղաղության գործընթացը: Հայկական կողմը կտրականապես հերքում է այդ մեղադրանքը:
Չորեքշաբթի երեկոյան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
https://www.azatutyun.am/a/32038898.html
Source: azatutyun.am