Իրանում հայտնված հայկական օդանավն այսօր վայրէջք կկատարի «Զվարթնոց» օդանավակայանում

Ազատության Azatutyun

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հայտնում է Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն: «Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերի շնորհիվ և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում՝ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության Boeing 737-300 տիպի (ազգային և գրանցման նիշի համարը EK-FAA) օդանավը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանից այսօր տեղական ժամանակով 19:15-ին վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում», - նշված է հաղորդագրությունում: Քաղաքացիական ավիացիան նաև տեղեկացնում է, որ գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։   Հիշեցնենք, որ վարչապետի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հայկական գրանցում ունեցող Boeing B737-300 օդանավը Էստոնիայի մայրաքաղաքից հայտնվել է Թեհրանում: Իրանում հայտնված հայկական օդանավի դեպքով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: https://www.azatutyun.am/a/31219510.html #Լուրեր