ԵՄ-ն ողջունում է հրադադարի համաձայնությունը

Ազատության Azatutyun

Եվրոպական միությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի վերաբերյալ  հոկտեմբերի10-ին ձեռք բերված համաձայնությունը: ԵՄ-ն կողմերին հորդորել է խիստ հավատարիմ մնալ ձեռք բերված համաձայնությանը և կոչ արել բոլոր դերակատարներին, այդ թվում՝ արտաքին կողմերին ձեռնպահ մնալ բոլոր գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ զոհերի: «Այս առումով, մենք ծայրաստիճան անհանգստությամբ ստանում ենք հաղորդումներ շարունակվող ռազմական գործողությունների, այդ թվում ՝ ուղղված քաղաքացիական թիրախների դեմ, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների մասին և կողմերին հորդորում ապահովել համաձայնության նկատմամբ լիակատար հարգանք՝ տեղական մակարդակում», - ասված է հայտարարությունում: ԵՄ-ն կողմերին կոչ է արել առանց հապաղելու վերադառնալ բովանդակային բանակցությունների դաշտ՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, առանց նախապայմանների և համաձայնեցված սկզբունքների հիման վրա: «ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին`հակամարտությանը բանակցությունների միջոցով  քաղաքական լուծում գտնելու հարցում և կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։ Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից հրադադար հաստատելու համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ կայացած բանակցությունների արդյունքում, որոնք մեկնարկեցին ուրբաթ օրը և շարունակվեցին շուրջ 11 ժամ՝ մինչև ուշ գիշեր: Հրադադարը հաստատվում է մարդասիրական նկատառումներով` ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունների դուրսբերման համար:   https://www.azatutyun.am/a/30887640.html #Լուրեր