Հայկական կողմը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին Բաքվի պնդումը

Ազատության Azatutyun

Հայկական կողմը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, թե հայկական զինուժը ութ անգամ գնդակոծել է ադրբեջանական բանակի դիրքերը: Բաքուն, մասնավորապես, նշել է, թե «հայկական կողմը հրաձգային զինատեսակներից կրակել է Քելբաջարի, Թովուզի, Լաչինի, Գեդաբեկի դիրքերի ուղղությամբ»: «Միջադեպի մասին զեկուցվել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը և ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնին», - նշում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Այդ տեղեկությունը «հերթական ապատեղեկատվություն» որակելով՝ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հյատնում է, որ «իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո: Արցախի Պաշտպանության բանակն էլ իր հերթին հայտարարում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»։   https://www.azatutyun.am/a/31986434.html

Source: azatutyun.am