Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին

Ազատության Azatutyun

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա` մասնակցելու Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին վարչապետը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրված նամակի միջոցով: «Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղևորությունը: Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել և համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջև», - կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ` ասված է Փաշինյանի նամակում: Նա նաև նշել է, որ Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է. - «Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի վարչապետը հաստատել էր իր մասնակցությունը Մոսկվայում կայանալիք զորահանդեսին: https://www.azatutyun.am/a/30680034.html #Լուրեր