Բնունիս երկու ադրբեջանցիներ են մտել, մեկին բռնել են, մյուսին փնտրում են․ Սիսիան համայնքի ղեկավար

Ազատության Azatutyun

Սիսիանի Բնունիս գյուղ մտած ադրբեջանցիները երկուսն են՝ մեկին գյուղի ժողովուրդը բռնել է, մյուսին դեռ չեն հայտնաբերել, «Ազատությանը» փոխանցեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյան՝ նշելով՝ մյուսին դեռ փնտրում են։ Բռնված ադրբեջանցին, ըստ Հակոբջանյանի, սկզբում Բնունիսում է եղել, բայց հայտնաբերվել է Աշոտանավան գյուղի փողոցում։ Համայնքապետն այլ հարցերի չպատասխանեց, միայն ասաց, որ բռնված ադրբեջանցին քաղաքացիական հագուստով է եղել։ Բնունիս համայնքի ղեկավար Գոռ Հովհաննիսյանը վստահացերեց, որ գյուղում այժմ ամեն ինչ նորմալ է, «խուճապ չկա»։ Թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել մտնել համայնքի բնակչի տուն, Հովհաննիսյանը հրաժարվեց մանրամասնել՝ հորդորելով դիմել համապատասխան մարմիններին։ Նա ամեն դեպքում վստահեցրեց, որ ադրբեջանցիները գյուղում լինել չեն կարող։ Ըստ Բնունիսի համայնքապետի՝ ադրբեջանական դիրքերը հեռու են իրենց գյուղից։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ այսօր ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Վկայակոչելով վերջինիս՝ ՊՆ-ն նշում է, որ նրա հետ ևս մեկ զինծառայող է եղել, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Այսօր Բաքուն հաղորդեց, որ Նախիջևանի Շահբուզ շրջանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայողներ են մոլորվել՝ «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում»։ Նշված շրջանը գտնվում է Հայաստանի հետ սահմանին։   https://www.azatutyun.am/a/32357029.html

Source: azatutyun.am