Այս պահի տեղեկություններով, Բեյրութում պայթյունի հետևանքով երեք հայ է զոհվել. ԱԳՆ
Ազատության Azatutyun
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում, այս պահի տեղեկություններով, ազգությամբ երեք հայ կա, հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հայտնելով նաև շուրջ 100 վնասվածների մասին:
«Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ երեք մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը», - գրել է Նաղդալյանը։
ԱԳՆ խոսնակը նշել է նաև. «Ներկա դրությամբ մեր գործընկերների հետ միասին դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ»։
https://www.azatutyun.am/a/30767124.html
#Լուրեր