Մեսսին 2021-ին կարող է հեռանալ «Բարսելոնայից»

Ազատության Azatutyun

«Բարսելոնայի» առաջատար ռմբարկու և ավագ Լիոնել Մեսսին հրաժարվել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցություններից և 2021 թվականին, երբ կսպառվի գործող պայմանագրի ժամկետը, կարող է հեռանալ կատալոնական թիմից: «Կադենա Սեր» իսպանական ռադիոկայանի փոխանցմամբ, Մեսսին չի ուզում շարունակել կարիերան «Բարսելոնայում»: Մեսսին անցած ամիս նշել է ծննդյան 33-ամյակը: Մադրիդի «Ատլետիկո» ակումբի հետ խաղում նա խփել է իր 700-րդ գոլը, սակայն հանդիպումն ավարտվել է ոչ ոքի, ինչից հետո «Բարսելոնան» հայտնվել է երկրորդ տեղում: Լա Լիգայի առաջնությունը շարունակվում է, առաջին տեղում 4 միավորի առավելությամբ Մարիդի «Ռեալն» է, որն անցած տուրում 1-0 հաշվով հաղթել է «Գետաֆե» թիմին:  Մեսսին և «Բարսելոնան» առայժմ չեն մեկնաբանել «Կադենա Սեր» ռադիոկայանի հաղորդագրությունը:  Նախկինում Մեսսին երբևէ հրապարակավ չի խոսել «Բարսելոնայի» թիմակիցների կամ ակումբի ղեկավարների մասին, սակայն անցյալ տարի մի քանի անգամ քննադատել է ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին` ասելով, թե նրա նախաձեռնությամբ է իրականացվել գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու արշավը:  Այս տարվա փետրվարին էլ Մեսսին Mundo Deportivo մարզական պարբերականի հետ զրույցում ասել է, որ «Բարսելոնան» «պատշաճ մակարդակի մարզավիճակում չէ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը շահելու համար»: Ապրիլին էլ Մեսսին քննադատել է թիմակիցներից մի քանիսին, ովքեր մերժել են կորոնավիրուսի համավարակից բխող ֆինանսական բարդությունները մեղմելու նպատակով աշխատավարձը կրճատելոու առաջարկը: https://www.azatutyun.am/a/30704256.html #Լուրեր