Մոսկվայում հայերի վրա հարձակված ավելի քան 50 ադրբեջանցի ձերբակալվել է.ՌՀՄ
Yerevan Daily
Ռուսաստանի հայերի միությունը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել նախօրեին Մոսկվայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:
ՌՀՄ-ն գրում է, որ նախօրեին ավելի քան 50 մոսկվայաբնակ ազգությամբ ադրբեջանցի ձերբակալվել է հայերի վրա հարձակումներ կատարելու պատճառով: Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվելու խուլիգանության և ազգամիջյան թշնամանք բորբոքելու համար:
«Իլհամ Ալիևը և Բյուլբյուլօղլին անում են ամեն ինչ՝ Ռուսաստանը Սումգայիթի վերածելու համար: Նրանց ձեռնասուն բանդիտները գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սկսել են հարձակվել հայերի վրա: Մոսկվայի ՕՄՕՆ-ը գիշերվա ընթացքում ձերբակալել է 50-ից ավելի ադրբեջանցի հանցագործների, որոնք մասնակցել են հայերի ծեծին»,-նշվում է հայտարաության մեջ:
Ռուսաստանի հայերի միությունը հայտնում է, որ կապի մեջ է ուժային կառույցների ղեկավարների հետ ու հետևելու է քննության ընթացքին: Կազմակերպությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ոչ միայն այդ հանցագործությունները կատարողներին ու հրահրողներին, այլև «ոգեշնչողներին»:
Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում հայ համայնքի ներկայացուցիչներին այս օրերին լինել զգոն և չտրվել սադրանքների:
Հիշեցնենք, այսօր՝ հուլիսի 24-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել հայ և ադրբեջանական համայնքերի ներկայացուցիչների հետ: Երկու ազգություններին խաղաղության կոչ է արել նաև համայն Ռուսիո պատրիարքը:
#Armenia #Yerevan #YerevanDaily #News #NewsArmenia #լուրեր #Հայաստան #Azerbaijan
Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին
Հավելվածը ներբեռնելու համար սեղմեք այս հղումին՝ download.feedc.com