«Լոնդոնի կամուրջը փլուզվել է», գալիս է «Գարնանային ալիքը»

Ազատության Azatutyun

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 96-ամյա թագուհի Եղիսաբեթ երկրորդի մահվան մասին Նորին Մեծության անձնական քարտուղարը կոդավորված հաղորդագրությամբ տեղեկացրել է վարչապետ Լիզ Թրասին: Հաղորդագրության մեջ ընդամենը մեկ նախադասություն է՝ «London Bridge is down», «Լոնդոնի կամուրջը փլուզվել է»: Միապետի մահվան, ինչպես նաև նոր միապետի հռչակման մասին կոդավորված հաղորդագրությունները բրիտանական ավանդույթներից են: Հրաժեշտը հանգուցյալ միապետի և նոր թագավորի հռչակումն իրականացվում են նախապես հաստատված, մանրամասնորեն մշակված ընթացակարգով: Անձնական քարտուղարը միապետի մահվան մասին հայտնում է նաև կառավարության քարտուղարին և թագուհուն կից Գաղտնի խորհրդին: Դրանից հետո Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը միապետի մահվան մասին հաղորդում է 15 երկրների կառավարություներին, որտեղ Եղիսաբեթ երկրորդը համարվել է ի պաշտոնե պետության գլուխ: Բացի այդ, միապետի մահվան մասին տեղեկությունը փոխանցվում է Բրիտանական Համագործակցության անդամ հանդիսացող 38 երկրների ղեկավարներին: Բրիտանիայում կա ժամանակին Ֆրանսիայից ներմուծված կարգախոս՝ «The king is dead, long live the king»՝ «Թագավորը մեռավ, կեցցե՛ թագավորը»: Այդպես հռչակվում է թագավորական իշխանության անընդհատության սկզբունքը: Նոր միապետ է դարձել թագուհու որդին՝ Չարլզը, նրա նոր անունն է Չարլզ երրորդ: Նրա գահակալության ընթացակարգի կոդային անունն է «Spring tide»՝ «Գարնանային ալիք»: Երբ հանգուցյալ միապետի աչքերը փակում են՝ այդ պահից ժառանգն օրենքի ուժով հռչակվում է նոր թագավոր: Այդ ժամանակ ընտանիքի բոլոր անդամները և սենյակում գտնվողները մոտենում են նոր միապետին և համբուրում են նրա աջը: Պատմության ընթացքում եղել են դեպքեր, երբ անմիջական ժառանգի փոխարեն գահը ստանձնել է հաջորդ թեկնածուն: Այդպես էր հանգուցյալ թագուհու հոր պարագայում, երբ նրա եղբայրը՝ Էդվարդ ութերորդը, հրաժարվել է գահից, և թագավոր է հռչակվել Էլիզաբեթի հայրը՝ Ջորջ վեցերորդը, ով չուներ արու զավակ: Միապետի մահվան կապակցությամ թագավորության օրհներգի տեքստում փոփոխություն կլինի, «Աստված, պահպանիր թագուհուն» տողը հետայսու նորից կդառնա «Աստված, պահպանիր թագավորին»: 73-ամյա Չարլզ երրորդն ի պաշտոնե թագավոր կդառնա Գահակալության խորհրդի վճռով, որը պետք է կայացվի միապետի մահվանը հաջորդող օրվա ընթացքում: Բուն թագադրության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Լոնդոնում՝ Սուրբ Ջեյմսի պալատում, օրը դեռ հայտնի չէ: Եղիսաբեթ երկրորդի հուղարկավորությունը տեղի կունենա տասնօրյա սգո շրջանից հետո: https://www.azatutyun.am/a/32024871.html

Source: azatutyun.am