Եվրամիության արտգործնախարարները հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդերին

Ազատության Azatutyun

Եվրամիության երկրների արտաքին գործոց նախարարները Բրյուսելում հանդիպել են Բելառուսի ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայային: Եվրամիությունը քննարկում է Բելառուսի տասնյակ ղեկավարների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու խնդիրը, չի բացառվում, որ արգելափակումներ կիրառվեն անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի նկատմամբ: Բելառուսում վեց շաբաթ շարունակ բողոքի ցույցեր են: Օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթել է գործող նախագահը: Տիխանովսյական, ով ընտրություններից հետո ապաստանել է Լիտվայում, ըստ ԿԸՀ-ի, երկրորդ տեղն է գրավել: Բելառուսում վիճահարույց ընտրություններից հետո տեղի ունեցող բողոքի բազմամարդ ակցիաների հազարավոր մասնակիցներ ձերբակալվել են, ցուցարարների՝ այդ թվում կանանց նկատմամբ իրավապահները բիրտ ուժ են կիրառել: Զոհվել է առնվազն երեք մարդ: Արևմտյան երկրները չեն ճանաչում Լուկաշենկոյի հաղթանակը: Բելառուսի ղեկավարը 26 տարի է իշխում, նա պնդում է, թե բողոքի շարժումը ղեկավարվում է Բելառուսը կազմաքանդելու նպատակ հետապնդող արևմտյան երկրների կողմից: Ռուսաստանը սատարում է Լուկաշենկոյին: Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Տիխանովսկայայի հետ հանդիպումից հետո ասել է, որ «արտգործնախարարները շատ տպավորված են բելառուս ժողովրդի ու հատկապես կանանց խիզախությամբ, նրանք իսկական լիդերություն են դրսևորում»: Բորելը նաև հերքել է Մինսկի և Մոսկվայի պնդումներն այն մասին, թե Եվրամիությունն, իբր, միջամտում է Բելառուսի ներքին գործերին: «Դեմոկրատիան և մարդու իրավունքները Եվրամիության հիմնարար արժեքներ են և ինքնությունը, դրանց պաշտպանությունը չի կարող դիտվել որպես միջամտություն»,- ասել է Ժոզեպ Բորելը: Երեկ Մինսկում տեղի է ունեցել բողոքի հերթական երթ, որին մասնակցել է ավելի քան 100 հազար մարդ, հարյուրավոր ցուցարարներ ձերբակալվել են: https://www.azatutyun.am/a/30849898.html #Լուրեր