ՄԻԵԴԸ-ը հայ գերիների մասով Ադրբեջանից տեղեկությունների է սպասում

Yerevan Daily

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ակտիվորեն կիրառել պատերազմական գործողությունների ընթացքում գերեվարված կամ ձերբակալված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմները: Ինչ վերաբերում է առանձին գերիների վերաբերյալ դիմումներին, որոնք ներկայացվել են ինչպես ՀՀ կառավարության կողմից, այնպես էլ անհատական դիմումների տեսքով, Դատարանը որոշել է կասեցնել միջանկյալ միջոցի դիմումների քննությունը եւ պատասխանող կողմին (Ադրբեջանին – ընդգծումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի) հրավիրել է տեղեկություն տրամադրել, թե արդյո՞ք նշված անձինք գերի են ընկել: «Եթե այո, ապա ի՞նչ պայմաններում են պահվում եւ արդյոք նրանք ենթարկվել են բժշկական հետազոտության կամ բուժման: ՄԻԵԴ-ը նշված դիմումները պահում է իր ուշադրության կենտրոնում»,- հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը: Ավելի վաղ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով, ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում էր կայացրել, որով կոչ էր արել ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով ապահովվող իրավունքների խախտմանը, այդ թվում՝ վտանգի տակ դնել նրանց կյանքն ու առողջությունը։ Նույն որոշմամբ ՄԻԵԴ-ը կոչ էր արել կողմերին կատարել ստանձնած պարտավորությունները, մասնավորապես կյանքի իրավունքի եւ խոշտանգումների, անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի եւ պատժի արգելքի մասով: Դուք այս նյութը կարդում եք Feedc հարթակից: Feedc-ը նոր մեդիա հարթակ է, որտեղ կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին #yerevan #yerevandaily #Armenia #Armenianews #news #Artsakh