Նախագահը ստորագրել է գույքահարկի վերաբերյալ օրենքը` միաժամանակ այն «ժամանակավրեպ» համարելով

Ազատության Azatutyun

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, հայտնում է նախագահի աշխատակազմը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահի աշխատակազմը հանգամանալից ուսումնասիրել է օրենքը և դրա հնարավոր սոցիալ-տնտեսական ազդեցությունը, ինչպես նաև օրենքի վերաբերյալ հնչած մասնագիտական հանրության և հասարակության ներկայացուցիչների տեսակետները, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և ներկայացրել նախագահին, վերջինս էլ  քննարկումներ է ունեցել իրավաբանների, ֆինանսիստների և տնտեսագետների հետ: «Նախագահը տեղյակ է օրենքի վերաբերյալ Կառավարության և Ազգային ժողովում հնչած հիմնավորումներին: Դրանք ընդունելով հանդերձ, ինչպես նաև հաշվի առնելով օրենքի ազդեցությունը հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի վրա, հանրապետության նախագահը կարծում է, որ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է: Նույնիսկ եթե օրենքն անմիջապես չի կիրառվելու, կորոնավիրուսի համավարակի բարոյահոգեբանական հետևանքները, առաջացած ֆինանսատնտեսական խնդիրները դեռ երկար են զգացնել տալու», - փոխանցում են նախագահի աշխատակազմից և հավելում. «Ցավոք, հանրապետության նախագահը, ըստ Սահմանադրության, չունի օրենքն իր առարկություններով և առաջարկություններով, հետագա քննարկման համար Ազգային ժողով վերադարձնելու սահմանադրական լիազորություն, վետո կիրառելու իրավունք: Ըստ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունների և իրավաբանների գնահատականների՝ առերևույթ օրենքի սահմանադրականության խնդիր չկա: Հետևաբար, նախագահը ստորագրել է Օրենքը»: Նշվում է նաև, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Արմեն Սարգսյանը շարունակելու է հետևել օրենքի կիրառման էվոլյուցիային, հանրության վրա դրա ազդեցությանն՝ ընթացքում Սահմանադրությանը համապատասխանության հնարավոր խնդիրների առաջացման պարագայում չբացառելով Սահմանադրական դատարան դիմելու հավանականությունը:  https://www.azatutyun.am/a/30698946.html #Լուրեր