ԱԱԾ-ում հետաքննություն է սկսվել Փաշինյանին արված ահազանգերի հիման վրա

Ազատության Azatutyun

Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հետաքննություն է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին արված ահազանգերի հիման վրա։ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է` իրեն ահազանգել են, որ առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Վարչապետը նշել է, որ ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն:  «Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում: Հարուցված քրեական գործի շրջանակներում տեղի է ունենում քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռևս շատ բան պարզված չէ: Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն», - գրել է Փաշինյանը՝ եզրափակելով․ - «Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում և մեր հերոսական գեներալների,  սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից։ Ու հաղթանակը հայ ժողովրդինն է լինելու»։       https://www.azatutyun.am/a/30882029.html #Լուրեր